Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կրեմլի վրեժխնդրությունը հզոր կլինի

Կրեմլի վրեժխնդրությունը հզոր կլինի
07.11.2015 | 10:37

«Մենք մինչև հիմա չունենք պաշտոնապես հաստատված հիմքեր անցած շաբաթ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման պատճառների մասին: Արևմուտքը միջազգային ԶԼՄ-ներին բացահայտեց հետախուզական ծառայությունների կարծիքը, որ աղետի պատճառը ռումբն էր ինքնաթիռում»,- գրում է Տոդ Վուդը The Washington Times-ում: Նա նշում է ռուսների ու եգիպտացիների շահագրգռությունը: Եգիպտոսը մահու չափ վախեցած է զբոսաշրջիկներին կորցնելուց՝ «արաբական գարունից» հետո նոր-նոր վերականգնվում էր զբոսաշրջային արդյունաբերությունը: «Կրեմլը ճարպկորեն թաքցնում էր բնակչությունից ՈՒկրաինայի պատերազմի ծանր հետևանքները (զոհված զինվորների մայրերին պարտադրել էին գաղտնիքը պահպանել): Բայց 224 մարդու մահը ինքնաթիռում չես թաքցնի»,- գրում է Տոդ Վուդը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բնակչության աչքում ունի գործողության մարդու հեղինակություն, որ չի թողնի ռուսներին նեղացնեն, որտեղ էլ նրանք ապրեն: Ռուսական հասարակությունը չի լռի և թույլ չի տա, որ «Իսլամական պետության» այդ հանցանքը անպատիժ մնա: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կձեռնարկի մասշտաբային ռազմական գործողություններ»,- գրում է Վուդը: «Այո, դա թանկ կարժենա, իսկ Ռուսաստանը հիմա փող չունի, բայց Պուտինը այլ ընտրություն չունի, նա պիտի գործի, իսկ ռուսները վաղուց են սովորել դժվարություններին դիմանալ հանուն պետության»:
Տոդ ՎՈՒԴ, The Washington Times

Եթե մեղավորը ԻՊ-ը չէ, ո՞վ է
Հանկարծ գերակշռեց կարծիքը, որ ռուս զբոսաշրջիկների ինքնաթիռի կործանման պատճառը հրթիռը կամ անսարքությունը չէր, այլ ԻՊ-ի տեղադրած ռումբը, գրում է Մելիք Կեյլանը Forbes-ում: ԻՊ-ը ստանձնեց պատասխանատվությունը և տեսագրություն տարածեց, որտեղ պատկերված է ինքնաթիռի անկումը: Բայց Կեյլանին զարմացնում է, որ ԻՊ-ը հայտարարությունն արել է մի քանի օր անց, իսկ աղետը տեղի է ունեցել հենց այն տարածքում, որը Սինայի թերակղզում ԻՊ-ի վերահսկողության տակ է: Կեյլանն առաջարկում է իր վարկածը՝ ռումբը «երրորդ կողմի» ձեռքի գործն է, տեխնիկապես շատ հմուտ, որ գիտակցված պատասխանատվությունը վերագրել է ԻՊ-ին և ռումբի ժամացույցը այնպես է դրել, որ պայթի Սինայի հենց այդ հատվածի վրա»:
«Եթե մտածենք ռազմավարական ուվերտյուրայի մասին, կանխորոշված էր, որ աղետ է լինելու՝ ուղղված կոնկրետ ռուսների և ոչ ուրիշների դեմ և համընդհանուր խուճապի պատճառներ չկան»:
Կեյլանը հիշեցնում է, որ ամռանը Սաուդյան Արաբիայի ղեկավարները հանդիպեցին Կրեմլի ներկայացուցիչների հետ: Սաուդցիները Ասադի հրաժարականի փոխարեն համաձայն էին բարձրացնել նավթի գինը և «իջեցնել հակառուսական իսլամիստական ակտիվությունը Չեչնիայում ու այլ վայրերում»: Կեյլանը կարծում է, որ երբ Պուտինը որոշեց ավիացիա և զորքեր ուղարկել Սիրիա, «մերժեց սաուդցիներին և նույնիսկ բարձրացրեց խաղադրույքները»: Կեյլանը քիչ հավանական է համարում եգիպտական իշխանությունների մասնակցությունը ինքնաթիռում ռումբ դնելուն, բայց եգիպտական իշխանության հիերարխիայում հաստատ կան մարդիկ, ովքեր տարածաշրջանային կոնֆլիկտում համակրում են սուննիներին՝ «այն կողմին, որ գլխավորում են սաուդիտներն ու կատարցիները»:
«Հավանաբար, մենք երբեք էլ չենք իմանա՝ ինչ է եղել, ինչպես և ով, բայց ընդհանուր իրավիճակը բերում է այն մտքին, որ միջադեպը, հավանաբար, մասն է Պարսից ծոցի պետությունների, Էր Ռիադի ու Մոսկվայի միջև պայքարի՝ Մերձավոր Արևելքում գերակայության համար: Ես չեմ ուզում ասել, որ սաուդիտները կատարել են ահաբեկչություն պետության հովանավորությամբ, բայց անցյալում մենք տեսել ենք, որ Պարսից ծոցի պետությունների ու սաուդիտների ճամբարում եղել են «Ալ Քաիդային», Թալիբանին և Իրաքի հակաամերիկյան ապստամբներին պաշտպանողներ: Տրամաբանական է, որ այդ միջավայրի ինչ-որ մասը մասնակից է Metrojet օդանավում ռումբ տեղակայելուն» գրում է հեղինակը: Մերձավոր Արևելքում կատաղի գաղտնի պայքար է մղվում, նույնքան արյունոտ, որքան տեսանելի պայքարը: Ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանումը այդ պատերազմի մասն է: Կեյլանը կարծում է, որ Եգիպտոսի օդային տարածք ներխուժումները չեն կրկնվի, բայց, հավանաբար, պատասխան հարվածի հաջորդ թիրախը կդառնան Պարսից ծոցի երկրների ու Սաուդյան Արաբիայի ակտիվները: Իհարկե, եթե Մոսկվան չհրաժարվի Ասադին աջակցել:
Forbes


Հ.Գ. Ինչքան է ամեն ինչ խառնվել աշխարհում և ինչքան է արժեզրկվել մարդկային կյանքը: Սինայի թերակղզու երկնքում զոհված զբոսաշրջիկները կարո՞ղ էին պատկերացնել, որ 23 րոպե է մնում ապրելու, երբ ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից դուրս եկավ: Իսկապես, ինչ էլ պարզվի՝ անսարքություն, ռումբ, հրթիռի հարված՝ 224 մարդու համար այլևս ոչ մի նշանակություն չունի: Նրանք զոհվեցին տունդարձի ճանապարհին: Բայց հիմա նրանց ողբերգական մահը դարձել է քաղաքական իրավիճակ, որին ոչ միայն Մերձավոր Արևելքի պետություններն են խառնված, այլև՝ Ռուսաստանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ